Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/2/2022
share

Այլընտրանքային զարգացման նախադրյալներ Սյունիքում

  «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ը ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան խոշորացված համայնքների երիտասարդների համար իրականացվող ծրագրի շրջանակներում անվճար դասընթացներ է իրականացնում, որի ժամանակ մասնակիցներին ուսուցանվում են բիզնես պլան կազմելու և այն իրականացնելու հմտություններ։ Ծրագրի նպատակը այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումն է, երիտասարդներին հնարավորություն տալը ինքնադրսևորվել իրենց նախընտրած ոլորտներում։ Ծրագրին մասնակցում են 16-35 տարեկան երիտասարդներ։

 «Քաջարան և Կապան համայնքներում աշխատատեղերի 80 տոկոսը հանքարդյունաբերության ոլորտում է,- ասում է «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ նախագահ Տիգրան Ավագյանը,- և պոտենցիալ գյուղատնտեսը, զբոսաշրջության մասնագետը ուզած-չուզած մտնում է հանք, որովհետև այնտեղ աշխատավարձը բարձր է»։

 Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 70 երիտասարդ, ընտրվել է 25 հայտ։ Դասընթացի ավարտին մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես պլանները, լավագույն 3 առաջարկները կֆինանսավորվեն։ Նախապատվությունը կտրվի այն բիզնես պլաններին, որտեղ կլինի 30 տոկոս համաֆինանսավորում, և դա միմիայն պետք է լինի ֆինանսի տեսքով, չպետք է լինի տարածքի, տեխնիկայի կամ սարքավորումների տրամադրում։ Այս պայմանի կիրառման նպատակն այն է, որ բիզնես պլան իրագործողներն ավելի շահագրգռված լինեն  ծրագրի իրականացման համար։

 Ծրագրի կազմակերպիչները հայտնում են, որ դրամաշնորհ ստացած դիմորդները կստանան նաև աջակցություն մենթորների կողմից մեկ տարի ժամկետով, որն ավելի կհեշտացնի երիտասարդների մուտքը շուկա։

  Մասնակիցները ոգևորված են․ սա լավ հնարավորություն է իրականացնելու սեփական մտահաղացումները, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։

 «Սա կարևոր նախաձեռնություն է,-ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը,-այն առումով, որ հատկապես հանքարդյունաբերական համայնքներում կարևոր է զարգացնել տնտեսության այլընտրանքային ճյուղերը, որովհետև հանքը փակվելուց հետո համայնքները մնում են առանց ապրուստի միջոցի։

 Դրա տխուր օրինակներից է ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը։ Երբեմնի արդյունաբերական ծաղկուն քաղաքը պղնձամոլիբդենային կոմբինատի փակվելուց հետո դատարկվել է։

Հանքարդյունաբերական ընկերություններին օրենքի ուժով պետք է բերել սոցիալական պատասխանատվության դաշտ,-ասում է Օլեգ Դուլգարյանը,- և այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումը համար մեկ խնդիրը պետք է լինի, որ դրվի այդ ընկերությունների առաջ։ Մեր կազմակերպությունը միշտ կարևորել է այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումը համայնքներում»։

cvmedia.am քաղաքացիական լրագրող Արա ստեփանյան

Լուսանկարը՝ Տիգրան Ավագյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

4

facebook sharing button facebook